ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար Shutdown-ը ավարտված է՝ առնվազն փաստաթղթային մակարդակում։ Սակայն աշխատանքների լիարժեք վերագործարկումն անմիջապես չի սկսվում։
APnews-ը գրում է, որ 43 օր տևած Shutdown-ը տարբեր հետևանքներ է թողել։ Ամենաշատը տուժել են չվարձատրված դաշնային աշխատողները, որոնք անմիջապես զգացել են դրա ազդեցությունը։ Վնասներն ընդգրկել են նաև դաշնային ֆինանսավորում ստացող ոլորտները, այդ թվում՝ «Head Start» կրթական ծրագիրը և սննդի օգնության Supplemental Nutrition Assistance Program-ն։
Կառավարության աշխատանքի հարկադիր դադարի բացասական ազդեցությունը զգացվել է նաև այլ ոլորտներում։ Ուղևորները բախվել են ուշացումների և չվերթների չեղարկումների, քանի որ Դաշնային ավիացիոն վարչությունը պահանջել էր կրճատել չվերթները։ Ժամանակավորապես փակվել են թանգարանների տարածքները և Ազգային կենդանաբանական այգին (թեպետ կենդանիների խնամքը շարունակվել է)։
Նշվում է, որ աշխատանքային գործընթացների վերականգնումը չի լինի ակնթարթային։ Մոտ 1,25 միլիոն դաշնային աշխատող հոկտեմբերի 1-ից առ այսօր չի ստացել աշխատավարձ՝ ընդհանուր առմամբ կորցնելով շուրջ 16 միլիարդ դոլար։ Նրանք կա՛մ արձակվել են, կա՛մ աշխատել են առանց վարձատրության դաշնային կառույցներում։ Շատերի համար այս շրջանը դարձել է լուրջ սոցիալական և ֆինանսական փորձություն, իսկ Վաշինգտոնի տնտեսությունը զգալի վնաս է կրել։