ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բյուջեի նախագծի օգտին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է այն։ Այսպիսով, 43 օր տևած՝ երկրի պատմության ամենաերկար shutdown-ից հետո Դաշնային կառավարության աշխատանքը կվերսկսվի։
Ժամանակավոր բյուջեն նախագահին ստորագրման է ներկայացվել չորեքշաբթի ուշ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի 222 անդամ կողմ է քվեարկել նախագծին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բյուջեի նախագիծը հաստատվել էր նաև ԱՄՆ Սենատի կողմից։
Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցությունը ներկայումս ունի 219 մանդատ, իսկ Դեմոկրատական կուսակցությունը՝ 214 (ընդհանուր՝ 433 մանդատ, երկու տեղ դեռ թափուր է): Ուստի պարզ մեծամասնությունը կազմում է 217 ձայն։
Այդուհանդերձ, չորեքշաբթի երեկոյան նիստին չորս կոնգրեսականներ բացակայում էին՝ երեք հանրապետական և մեկ դեմոկրատ։ Դրա հետևանքով բյուջեի ընդունման համար անհրաժեշտ շեմը նվազեց մինչև 215 ձայն, ինչը թույլ տվեց նախագիծն ընդունել։
Փաստաթուղթը հաստատվել է ոչ միայն 216 հանրապետականի, այլև 6 դեմոկրատի աջակցության շնորհիվ։
Միևնույն ժամանակ, երկու հանրապետական կոնգրեսական դեմ է քվեարկել նախագծին։
Նախագահ Թրամփի կողմից ժամանակավոր բյուջեի ստորագրումից հետո կառավարությունը կվերսկսի իր աշխատանքը։ Եւ այսպիսով, կավարտվի ԱՄՆ պատմության ամենաերկար shutdown-ը։
Նշենք, որ նախորդ ռեկորդային shutdown-ն էլ տեղի էր ունեցել Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում։