Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխան է Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմների» վերաբերյալ լրատվամիջոցների հարցին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հարցին, թե վերջերս Հայաստանում՝ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին, ավելի ու ավելի են խոսվում Երևանի դեմ իբր մղվող «հիբրիդային պատերազմների» մասին, Զախարովան պատասխանել է․
«Իրոք, մենք արձանագրել ենք մի շարք նմանատիպ հայտարարություններ ինչպես փորձագետների, այնպես էլ հայ պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ օրինակ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի։ Հիշեցնեմ, որ «հիբրիդային պատերազմներ» հասկացությունը հորինվել և անմիջապես կիրառվել է ամերիկացի ռազմական տեսաբանների կողմից: Ոչ այնքան վաղուց, Հայաստանի հարևան Վրաստանում «հավաքական Արևմուտքի» երկրները կրկին ցուցադրեցին իրենց ողջ «հիբրիդային փառքը». կոպտորեն միջամտելով ներքաղաքական գործընթացներին, բորբոքելով «մայդանի» տրամադրություններ, զրկելով Թբիլիսիին իր զարգացման ուղին ընտրելու ազատությունից և զբաղվելով բացահայտ քաղաքական շանտաժով՝ սպառնալով զրկել նրան արդեն իսկ պատրանքային եվրոպական հեռանկարներից»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ այս մոտեցումն իրենց համար օտար է, քանի որ միշտ հարգել են և կշարունակենք հարգել յուրաքանչյուր ազգի ինքնիշխան ընտրությունը։
«Միևնույն ժամանակ, չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններն արվում են հանրապետությունում մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին՝ կարծես հետևելով այն օրինաչափությանը, որը վերջին տարիներին փորձարկվել է այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում։ Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները ինչպես խորհրդարանական խողովակներով, այնպես էլ համապատասխան նախարարությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ ռուս-հայկական հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով»,- ընդգծել է նա։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը միշտ եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը, և որ Մոսկվան անհապաղ օգնության է հասնում իր եղբայրական ժողովրդին։
«Վերջին օրինակներից են ջրհեղեղից վնասված երկաթուղային գծերի վերականգնումը Հայաստանի հյուսիսում՝ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում՝ 2024 թվականի հունիսին։ Այս տարվա նոյեմբերին մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումները կազմակերպվել են հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ Ադրբեջանով և Վրաստանով անցնող նորաբաց երկաթուղային ճանապարհով։ Առաջին բեռը ժամանեց նոյեմբերի 6-ի գիշերը։ Մենք ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր դարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ»,- ասել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը մասնակցելով՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է նրանց ինքնիշխան ազգային շահերով, սակայն Արևմուտքի միջնորդական ջանքերը դեռևս չեն դիմացել ժամանակի փորձությանը։