Միջազգային

Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հզ. տոննա հացահատիկ մատակարարել Հայաստանին

Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հզ. տոննա հացահատիկ մատակարարել Հայաստանին

Ղազախական ընկերության ղեկավարը հայտարարել է, որ հացահատիկի մատակարարումը Հայաստան սննդային դիվանագիտության օրինակ է։

«Այս իրադարձությունը ոչ միայն տնտեսական, այլև պատմական նշանակություն ունի, քանի որ այն խոստումնալից հնարավորություններ է բացում ուղիղ տարանցման և փոխադարձ առևտրի զարգացման համար։ Ղազախական հացահատիկի արտահանման միջոցով մենք ստեղծում ենք համագործակցության նոր կամուրջներ և նպաստում բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանի երկրների միջև վստահության ամրապնդմանը», - նշել է NC Food Contract Corporation» սննդի կորպորացիայի ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը պատրաստ է ամսական մոտ 15-20 հզ․ տոննա հացահատիկ մատակարարել հայ սպառողներին։

Հոկտեմբերին Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը ստորագրել է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր հայ սպառողներին հացահատիկի մատակարարման համար։ Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի հացահատիկից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուր, այնպես էլ՝ անասնակեր արտադրելու համար։

Միևնույն ժամանակ, Ղազախստանը հնարավորություն ունի արտահանել տարբեր դասի հացահատիկ, ներառյալ՝ կոշտ ցորեն (դուրում) և բարձր սպիտակուցային ցորեն (hi-pro): 

Երկրի գյուղնախարարության կայքում հրապարակված նյութում ասվում է, որ այս պահին բանակցություններ են ընթանում հայ գործարարների հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական