Ռուսաստանում 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ բյուջեի նավթագազային եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 27%- ով, ինչը պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ անկումն է։ Կորուստները հասել են 322 միլիարդ ռուբլու, իսկ եկամուտների ընդհանուր ծավալը 10 ամսվա ընթացքում նվազել է մինչև 7,5 տրիլիոն ռուբլի՝ 2 տրիլիոնով պակաս, քան մեկ տարի առաջ:
ՌԴ ֆինանսների նախարարության զեկույցի համաձայն՝ հոկտեմբերին Ռուսաստանի բյուջեն նավթագազային ընկերություններից ստացել է 888,6 միլիարդ ռուբլի (10,94 միլիարդ դոլար) հարկեր՝ 27 տոկոսով պակաս, քան 2024 թվականի հոկտեմբերին։ Հանքարդյունաբերության հիմնական հարկի եկամուտները նվազել են 26%- ով՝ 908,1 միլիարդից հասնելով 671,3 միլիարդ ռուբլու:
Հունվար-հոկտեմբեր ամիսներին կուտակված արդյունքներով բյուջեն հավաքել է 7,5 տրիլիոն ռուբլի (92,37 միլիարդ դոլար) նավթագազային եկամուտներ՝ նախորդ տարվա 9,54 տրիլիոն ռուբլու (117,51 միլիարդ դոլար) դիմաց։
Կրեմլում խոստովանում են, որ ԱՄՆ պատժամիջոցները, որոնց տակ են հայտնվել «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը», նոր ռիսկեր են ստեղծում։ Այս երկու ընկերություններն ապահովում են Ռուսաստանի նավթային ամբողջ արտահանման կեսը՝ օրական մոտ 2,2 մլն բարել։ Հաշվի առնելով արդեն արգելափակված «Սուրգուտնեֆտեգազը» և «Գազպրոմ նեֆտը»՝ արտահանվող ամբողջ հումքի մոտ 70% - ը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։