Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։
Դեռ վերջերս ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար պարգև էր հայտարարել նրան որպես ահաբեկչի ձերբակալման համար, իսկ այժմ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի նրան Սպիտակ տանը որպես սիրիացի առաջնորդ. գրում է BBC-ն:
Աշ-Շարաայի ժամանումը Վաշինգտոն պատմական է. ոչ մի սիրիացի նախագահ նախկինում պաշտոնական այցով չի եղել ԱՄՆ-ում:
Վերջին անգամ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյա Սպիտակ տուն է այցելել 1999 թվականի դեկտեմբերին. այն ժամանակ դա Սիրիայի արտգործնախարար Ֆարուկ աշ-Շարաան էր, ով մասնակցում էր Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին:
Այժմ Ահմեդ աշ-Շարաան փորձում է վերականգնել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք տարիներ շարունակ խուսափում էին Դամասկոսի հետ կոնտակտներից:
Պաշտոնական այցից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է աշ-Շարաային և երկրի ՆԳ նախարար Անաս Հատտաբին իր պատժամիջոցների ցուցակից:
«Այս փաստաթղթի ընդունմամբ Խորհուրդը հզոր քաղաքական ազդանշան է ուղարկում՝ ճանաչելով, որ Սիրիան մտնում է նոր դարաշրջան», — քվեարկությունից հետո հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը:
Ինչպես գրել է Reuters գործակալությունը, Վաշինգտոնը մի քանի ամիս ծախսել է Անվտանգության խորհրդի 15 անդամներին համոզելու համար հանել պատժամիջոցները աշ-Շարաայից: Համապատասխան բանաձևը մշակվել և քվեարկության է դրվել ամերիկյան դիպլոմատների կողմից: Դեկտեմբերին ԱՄՆ-ն հետ է կանչել աշ-Շարաայի ձերբակալությանը նպաստելու համար 10 միլիոն դոլար պարգևի առաջարկը: