BBC գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են տալիս՝ Panorama հաղորդման մեջ Դոնալդ Թրամփի ելույթի խմբագրման սկանդալի ֆոնին:
«BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու: Թեև սա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ ընթացիկ քննարկումները, բնականաբար, ազդել են իմ որոշման վրա: Ընդհանուր առմամբ BBC-ն լավ է աշխատում, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է կրեմ վերջնական պատասխանատվությունը»,- ասված է Դեյվիի նամակում:
«Panorama հաղորդման շուրջ Թրամփ նախագահի մասին շարունակվող վեճը հասել է այնպիսի աստիճանի, որ վնասում է BBC-ին՝ ինստիտուտին, որը ես շատ եմ սիրում»,- իր հերթին հայտարարել է Դեբորա Թերնեսը: -«Թեև սխալներ են թույլ տրվել, ես ուզում եմ հստակ հայտարարել, որ BBC News-ի որպես կազմակերպության նախապաշարմունքի մասին վերջին մեղադրանքները կեղծ են»: Թերնեսը նշել է, որ պատասխանատվությունն իրենն է։
Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում մեկնաբանել է BBC-ի գլխավոր տնօրենի հրաժարականը՝ գրելով. «Բոլորը հրաժարական են տալիս կամ ազատվում են աշխատանքից, քանի որ բռնվել են հունվարի 6-ի՝ իմ շատ լավ (իդեալական) ելույթը «խեղաթյուրելու» մեջ»:
Սրանք չափազանց անազնիվ մարդիկ են, ովքեր փորձել են միջամտել նախագահական ընտրությունների ընթացքին: Ավելին, նրանք այն երկրից են, որը շատերը համարում են մեր թիվ մեկ դաշնակիցը: Ի՜նչ սարսափ ժողովրդավարության համար», — գրել է Թրամփը:
Դեյվիի և Թերնեսի հրաժարականները հաջորդել են Telegraph թերթում հրապարակմանը, որտեղ նշված էրէ BBC Panorama հաղորդաշարի «Թրամփ. երկրորդ շանսը» վավերագրական ֆիլմը մոլորեցրել է հանդիսատեսին, քանի որ խմբագրվել էր ԱՄՆ նախագահի այն օրվա ելույթը, երբ նրա աջակիցները անկարգություններ էին կազմակերպել Կապիտոլիումի բլրի վրա:
Telegraph-ը հայտնել է, որ տեսել է ներքին ծառայողական հուշագիր, որտեղ նշված է՝ հաղորդման մեջ մոնտաժվել են Թրամփի ելույթի երկու տարբեր մասեր՝ ստեղծելով տպավորություն, թե նա խրախուսում էր 2021 թվականի հունվարի անկարգությունները: