ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ պատժամիջոցները։ Նրանք պատժամիջոցների տակ էին գտնվում կապված «Իսլամական պետության» (ԻՊ) և «Ալ-Քաիդայի» հետ:
ԱԽ-ի 15 անդամներից 14-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, քվեարկել են ԱՄՆ-ի կողմից առաջարկված սահմանափակումները վերացնելու բանաձևի օգտին: Չինաստանը ձեռնպահ է մնացել: Բանաձևի տեքստում ընդգծվում է «Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ազգային միասնության լիակատար հարգանքի նկատմամբ հանձնառությունը»:
DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Պակիստանի ներկայացուցիչները որոշումը համարել են Սիրիայի տնտեսական վերականգնման ուղղությամբ կարևոր քայլ:
Սիրիայի իշխանությունները իրենք պատժամիջոցների չեղարկումը համարել են նոր ղեկավարության նկատմամբ «աճող վստահության» նշան և երկրի միջազգային հանրությանը վերաինտեգրման հնարավորություն: