ԱՄՆ Մենի նահանգի Քեմդեն քաղաքի նախկին բնակչուհի Դայանա Էդվարդսը վերադարձել է իր ծննդավայր՝ գրադարանին հանձնելու այն գիրքը, որը վերցրել էր դեռևս 46 տարի առաջ։ Այս մասին գրում է Midcoast Villager-ը։
Էդվարդսի խոսքով՝ գրքի հայտնաբերումը նրա համար անակնկալ էր։ Տեղափոխման համար իրերը հավաքելիս նա գտել է մանկական մի գիրք՝ «Bunches and Bunches of Bunnies», որի հեղինակն է Լուիզա Մեթյուզը, իսկ նկարազարդողը՝ Ջենի Բասեթը։ Գրադարանի փաստաթղթերի համաձայն՝ գիրքը պետք է վերադարձվեր դեռ 1979 թվականի օգոստոսի 10-ին։
«Մենք երեխաներիս հետ բնակվում էինք Փերլ փողոցում՝ 1970-ականների կեսերից մինչև 1984 թվականը, երբ տեղափոխվեցինք Վերմոնտ։ Այդ ժամանակից ի վեր այդ «նապաստակները» միշտ ինձ հետ են եղել»,- պատմել է նա։
Դայանա Էդվարդսը նշել է, որ գրքի ուշ վերադարձի համար վճարել է ընդամենը 5 դոլար, քանի որ այն վերցրել էր դեռ այն ժամանակ, երբ գրադարանում գործում էր հին՝ փոքր չափով տուգանքների համակարգը։ Այնուամենայնիվ, նա նաև նվիրատվություն է արել գրադարանին՝ շնորհակալություն հայտնելով աշխատակիցների ըմբռնման համար։
Գրադարանի երիտասարդական բաժնի ղեկավար Էմի Հենդի խոսքով՝ գիրքը պահպանվել է շատ լավ վիճակում և շուտով կրկին կօգտագործվի երեխաների ընթերցանության համար։