Ղազախստանը միացել է Աբրահամի համաձայնագրերին՝ դառնալով առաջին երկիրը, որը դա արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։ Թրամփը այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո։
Աբրահամի համաձայնագրերը 2020-2021 թվականներին Իսրայելի և մի քանի արաբական պետությունների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի և Մարոկկոյի միջև ստորագրված խաղաղության պայմանագրերի շարք են։ Միացյալ Նահանգները հանդես է եկել որպես միջնորդ։ Պայմանագրերը հիմնված են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և կողմերի միջև տնտեսական, տեխնոլոգիական և պաշտպանական համագործակցության ընդլայնման վրա։
«Ղազախստանը իմ երկրորդ ժամկետի ընթացքում առաջին երկիրն է, որը միացել է Աբրահամի համաձայնագրերին։ Սա կարևոր քայլ է ամբողջ աշխարհում կամուրջներ կառուցելու գործում», - գրել է Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում։
Ավելի ուշ Ամերիկայի նախագահը լրագրողներին ասել է, որ իր այցը Ղազախստան մեծ հավանականություն ունի։ Թրամփը նշել է, որ երկիրն ունի «հարուստ բնական պաշարներ» և ղեկավարվում է «հրաշալի նախագահի» կողմից։
Axios-ը նախորդ օրը հաղորդել էր Ղազախստանի՝ Աբրահամի համաձայնագրերին միանալու մտադրության մասին՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։