Վրաստանում մեղադրանք է առաջադրվել ութ ընդդիմադիր առաջնորդների՝ «պետության դեմ հանցագործությունների» համար: Նրանցից վեցը արդեն կալանքի տակ են:
Մեղադրանքները, որոնք հինգշաբթի օրը բրիֆինգում հնչեցրել է գլխավոր դատախազ Գեորգի Գվարամիձեն, կապված են ինչպես նախորդ տարվա բողոքի ակցիաների, այնպես էլ արևմտյան երկրների սանկցիաների հետ, որոնց տակ են ընկել վրացի որոշ պաշտոնյաներ և պաշտոնատար անձինք:
Քրեական հետապնդում է սկսվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, ինչպես նաև ընդդիմադիր առաջնորդներ Գեորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Ջապարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջապարիձեի նկատմամբ:
Բացի Մամուկա Խազարաձեից և Բադրի Ջապարիձեից, մյուսները արդեն կալանքի տակ են:
Գլխավոր դատախազ Գեորգի Գվարամիձեի խոսքով՝ ընդդիմադիրների դեմ քրեական գործերը հարուցվել են Վրաստանի դատախազության, Պետական անվտանգության ծառայության և ՆԳՆ-ի համատեղ հետաքննության արդյունքում: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է սաբոտաժի, օտարերկրյա պետության թշնամական գործունեությանը օժանդակելու, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմունքների դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման, ինչպես նաև սահմանադրական կարգի բռնի փոփոխության և պետական իշխանության տապալման կոչերի մասին:
«Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարան՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջապարիձեի նկատմամբ խափանման միջոց ընտրելու՝ գրավի ձևով, ինչպես նաև մյուս մեղադրյալների նկատմամբ նախնական լսումների օրը նշանակելու միջնորդությամբ», — հայտնել է նա բրիֆինգում:
Նոր մեղադրանքները առաջադրվել են իշխանությունների կողմից ընդդիմադիրներին աննախադեպ ճնշումների ֆոնին և երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների արգելման սպասումների պայմաններում, որի պահանջով անցյալ շաբաթ 88 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան:
Դատավարությունում իշխող կուսակցությունը օգտագործել է նախկին իշխանությունների՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության և դրան կապված անձանց գործունեության հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը: