Միջազգային

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ուղիղ երկաթուղային կապը խաղաղության հաստատման իրական ներդրում է. Օվերչուկ

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ուղիղ երկաթուղային կապը խաղաղության հաստատման իրական ներդրում է. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական ցորենի ներկրմանը։

Օվերչուկի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային կապը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման «իրական ներդրում» է և ընդգծում է համագործակցության ընդհանուր ձգտումը։

«Ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային կապի մեկնարկը: Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից ի վեր մեր երկրների միջև առաջին անգամ իրականացվում է ուղիղ երկաթուղային կապ: Այս իրադարձությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական, շոշափելի ներդրում է, մեր աշխատանքի վկայություն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման»,- ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ նոր միջանցքը ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապը Հարավային Կովկասի պետությունների հետ, բարձրացնում է Հայաստանի շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ երկրների ապրանքների համար, ինչպես նաև բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայկական արտադրողների համար:

«Խորհրդանշական է, որ այս ճանապարհով առաջին բեռը դարձել է ռուսական ցորենը՝ կյանքի և ստեղծագործության ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, առճակատումից համագործակցության անցման ընդհանուր ձգտումը»,- ընդգծել է Օվերչուկը:

Հիշեցնենք՝ այս գիշեր ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական