Լուվրի թանգարանում անցած ամիս կատարված 102 միլիոն դոլար արժողությամբ ոսկերչական իրերի համարձակ գողության պահին թանգարանի տեսահսկման համակարգի գաղտնաբառը եղել է պարզապես «Louvre»․ հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով թանգարանի աշխատակցին։
Այս բացահայտումը լուրջ քննադատությունների տեղիք է տվել թանգարանի անվտանգության մակարդակի վերաբերյալ, հատկապես՝ գողության բարձրաձայնված միջադեպից հետո։
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովում տված ցուցմունքի ընթացքում Լուվրի նախագահ և տնօրեն Լորանս դե Կարը հայտնել է, որ Ապոլոնի պատկերասրահի դրսի միակ տեսախցիկը ուղղված էր արևմուտք և չի ֆիքսել այն պատուհանը, որով գողերը կտրող գործիքներով ներս են մտել և դուրս եկել։
Դե Կարի խոսքով՝ թանգարանի բոլոր տեսախցիկներն ու ազդանշանային համակարգերը գործել են, սակայն անվտանգության համակարգում եղել է թույլ օղակ՝ պայմանավորված թերի ֆինանսավորմամբ։
Նրա խոսքով՝ Ապոլոնի պատկերասրահում տեղադրված անվտանգության համակարգը գործել է անթերի, սակայն անհրաժեշտ է այն հարմարեցնել նոր տեսակի հարձակումներին, որոնք դժվար էր կանխատեսել։
Կողոպուտի գործով քննությունը շարունակվում է․ թանգարանից կորած զարդերը դեռ չեն հայտնաբերվել, սակայն չորս անձի արդեն առաջադրվել են մեղադրանքներ։