Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ ընդլայնման վերաբերյալ զեկույցի հրապարակմանը՝ նշելով, որ զեկույցը միակողմանի կերպով է գնահատում Վրաստանի հետ կապված մի շարք իրադարձություններ։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգիչ են այն քայլերն ու հայտարարությունները, որոնք ԵՄ ինստիտուտներն անում են Վրաստանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ազդել երկրի ներքին քաղաքական գործընթացների վրա, ինչը հակասում է Վրաստան-ԵՄ հարաբերությունների հիմքում դրված ոգուն։
«Մենք դատապարտում ենք ցանկացած փորձ, որն ուղղված է ԵՄ-ին անդամակցության թեման քաղաքական գործիք դարձնելուն։ Այս մոտեցումը վնասում է Վրաստան–ԵՄ հարաբերություններին։
Վրաստանը հավատարիմ է ԵՄ-ի հետ կնքված պայմանագրերին և բարեխղճորեն շարունակում է կատարել Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ ապահովելու համար երկրի մոտեցումը եվրոպական չափանիշներին ԵՄ ինտեգրման գործընթացում»,- ասվում է հայտարարության մեջ։