Միջազգային

Դուրովը Google-ին և Amazon-ին այլընտրանքային հարթակ է առաջարկել

Դուրովը Google-ին և Amazon-ին այլընտրանքային հարթակ է առաջարկել

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Դուբայում կայացած Blockchain Life 2025 ֆորումում ներկայացրել է Cocoon անունով նոր հարթակը։

Cocoon-ը ապակենտրոնացված հաշվողական ցանց է, որը կարող է այլընտրանք լինել Google Cloud-ի և Amazon AWS-ի նման կենտրոնացված ամպային ծառայություններին, հատկապես արհեստական ինտելեկտի ոլորտում։

Դուրովի խոսքով, ժամանակակից AI ծառայությունները կախված են կենտրոնացված ծառայություն մատուցողներից, որոնք մուտք ունեն օգտատերերի անձնական տվյալներին, կարող են դրանք հավաքել և օգտագործել իրենց մոդելները վարժեցնելու համար։

Cocoon-ում տեսաքարտերի սեփականատերերը կկարողանան վարձակալել դրանք, իսկ ծրագրավորողները՝ օգտագործել այդ ռեսուրսները արհեստական ինտելեկտի խնդիրների համար, վճարելով Toncoin թոքենով։ Բոլոր հաշվարկները կլինեն կոդավորված՝ ապահովելով տվյալների լիակատար գաղտնիություն։

Ցանցի առաջին խոշոր օգտատերը կլինի Telegram-ը։ Մեսենջերի որոշ AI գործառույթներ, ինչպիսիք են ձայնային հաղորդագրությունների մշակումը և չաթ-բոտերի աշխատանքը, կկատարվեն Cocoon-ի ենթակառուցվածքի վրա։

Դուրովն ասել է, որ սկզբում ուզում էին անվանել PAIN (Private Artificial Intelligence Network), բայց հետո նա մտածել է, որ տարօրինակ կլիներ բեմ բարձրանալ և հայտնել՝ «Բարի գալուստ ցավի աշխարհ»։ Այդ պատճառով ընտրել են Cocoon անունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական