Լուվրի կողոպուտից տասներկու օր անց իսրայելական մի ընկերություն հրապարակավ հայտարարել է, որ հանցագործները կապ են հաստատել իրենց հետ և առաջարկել են գաղտնի բանակցություններ վարել կայսրուհիների գողացված գանձերի վաճառքի շուրջ՝ սև շուկայի՝ դարքնեթի միջոցով, հաղորդում է Ynetnews-ը։
CGI Group-ի գործադիր տնօրեն Ցվիկա Նավեհը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին ընկերությունը հանցագործների ներկայացուցչից ստացել է կոդավորված հաղորդագրություն։ «Նա առաջարկել է բանակցություններ վարել գողացված իրերի գնման շուրջ՝ սև շուկայի միջոցով, սահմանափակելով շփումը 24 ժամով», - ասել է Նավեհը։
Ըստ նրա՝ CGI Group-ը մի շարք զրույցներ է անցկացրել անհայտ անձի հետ և հաստատել, որ Լուվրի անհետացած զարդերից առնվազն մի քանիսն իր մոտ է։
«Նրանք փախուստի մեջ էին և պետք է արագ ազատվեին ավարից», - հավելել է Նավեհը։ Նա նշել է, որ անմիջապես տեղեկատվությունը փոխանցել է իրեն վարձած հաճախորդին, ով էլ, իր հերթին, տեղեկացրել է Լուվրի ղեկավարությանը։
Նեյվը քննադատել է թանգարանին վեց օր իրենց անպատասխան թողնելու համար։ «Մենք կորցրեցինք գողերի վստահությունը, և Լուվրը բաց թողեց զարդերը վերադարձնելու իրական հնարավորությունը։ Դժբախտաբար, թվում է, թե հպարտությունն ու անվճռականությունը դեր են խաղացել», - նշել է նա։
Լուվրի կողոպուտի գործով հոկտեմբերի 29-ի երեկոյան Փարիզի շրջանի տարբեր շրջաններում միաժամանակ ձերբակալվել են հինգ նոր կասկածյալներ։ Կասկածյալներից մեկի ԴՆԹ-ն համընկել է հանցագործության վայրում հայտնաբերված նմուշի հետ։
Փարիզի դատախազ Լոր Բեկոն հաստատել է, որ նախկինում ձերբակալված երկու մեղադրյալները մասամբ խոստովանել են իրենց մեղքը, սակայն գողացված պատմական զարդերը, այդ թվում՝ կայսրուհի Եվգենիայի 2000 ադամանդներով թագը և թագուհի Մարիա-Ամալիայի շափյուղայե վզնոցը, դեռևս անհետ կորած են։
Հոկտեմբերի 19-ին հաղորդվել է, որ անհայտ անձինք ներխուժել են Լուվր և գողացել Նապոլեոնի հավաքածուի զարդերը։ Գողերը թանգարանը թալանել են ընդամենը յոթ րոպեում։ Գողոնված զարդերի արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։ Լուվրի պատշգամբից իրենց ավարը ձեռքին իջնող ավազակները ֆիքսվել են տեսաերիզով։