Միջազգային

Գերության մեջ սպանված երկու իսրայելցու մարմին նույնականացվել է

Գերության մեջ սպանված երկու իսրայելցու մարմին նույնականացվել է

Իսրայելը նույնականացրել է պատանդներ Ամիրամ Կուպերի և Սահար Բարուխի մարմինները, որոնց աճյունները ավելի վաղ նույն օրը վերադարձրել էր ՀԱՄԱՍ-ը. հայտնել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից։

Հայտարարության մեջ նշվում է, որ զոհվածների ընտանիքներին տեղեկացրել են Ազգային դատաբժշկական ինստիտուտում նույնականացման գործընթացի ավարտից հետո։

Սահար Բարուխը առևանգվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Բեերի կիբուցից, և տարվել Գազայի հատված, որտեղ սպանվել էր իսրայելական բանակի ձախողված փրկարարական գործողության ընթացքում։ Մահվան պահին նա 25 տարեկան էր։

84-ամյա Ամիրամ Կուպերը, որը առևանգվել էր իր կնոջ՝ Նուրիթ Կուպերի հետ միասին Նիր Օզ կիբուցի իրենց տնից, Իսրայելը 2024 թվականի հունիսին հայտարարել էր գերության մեջ մահացած։

ՀԱՄԱՍ-ի զինված թևը՝ Էզզեդին ալ-Քասամ բրիգադները, հինգշաբթի օրը աճյունները հանձնել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որն էլ դրանք փոխանցել էր իսրայելական կողմին՝ Գազայի հատվածում հոկտեմբերի 10-ից գործող հրադադարի համաձայնագրի շրջանակում։

Նույն օրը կեսօրին Էզզեդին ալ-Քասամ բրիգադները իրենց Telegram ալիքում հայտարարել էին, որ պատրաստվում են հանձնել մահացած երկու պատանդների աճյունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական