«Մելիսա» փոթորիկը, որը շարժվում էր դեպի Կուբայի երկրորդ խոշորագույն քաղաքը, մի քանի ժամ անց հարվածել է Ճամայկային՝ դառնալով այդ կարիբյան երկրի պատմության մեջ գրանցված ամենաուժեղ ցիկլոնը։
ԱՄՆ Ազգային փոթորիկների կենտրոնի տվյալներով՝ «Մելիսան» ցամաք է իջել Ճամայկայի հարավ-արևմտյան մասում՝ մշտական քամիներով մինչև 295 կմ/ժ արագությամբ։
Ճամայկայի հարավ-արևմտյան Սենտ Էլիզաբեթ շրջանը մնացել է «ջրի տակ», իսկ ավելի քան 500 000 բնակիչ զրկված է էլեկտրաէներգիայից։
Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը նշել է, որ կառավարությունը դեռևս չունի հաստատված տվյալներ փոթորկի հետևանքով զոհերի մասին, սակայն հաշվի առնելով փոթորկի ուժգնությունը և վնասների ծավալը՝ «սպասվում է, որ կարող են լինել մարդկային կորուստներ»։
Ըստ կանխատեսումների՝ փոթորիկը կթեքվի հյուսիս-արևելք՝ ուղղվելով դեպի Սանտյագո դե Կուբա՝ երկրի երկրորդ խոշորագույն քաղաքը։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 500 000 մարդ տարհանվել է բարձրադիր տարածքներ։
Բահամյան կղզիներում՝ «Մելիսայի» հաջորդ թիրախում, կառավարությունը հրաման է արձակել հարավային շրջանների բնակիչների տարհանման մասին։