Միջազգային

Ավելի քան 60 զոհ՝ ոստիկանության հետ բախումների հետևանքով

Ավելի քան 60 զոհ՝ ոստիկանության հետ բախումների հետևանքով

Առնվազն 64 մարդ է զոհվել Ռիո-դե-Ժանեյրոյի հյուսիսային արվարձաններում «Կարմիր հրամանատարություն» բանդայի դեմ ոստիկանական գործողության ընթացքում։

Զոհվածների թվում չորս ոստիկաններ են, հայտնել է Ռիո-դե-Ժանեյրո նահանգի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն։ Ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։ Գործողությանը մասնակցում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոստիկանությունը։ 

Մոտ 2500 ոստիկան առավոտյան մտել է ֆավելներ, և շուտով սկսվել են բախումներ։ «Կարմիր հրամանատարությունը» (Comando Vermelho) պատասխանել է կրակով, այրվող բարիկադներով և ռումբեր նետող անօդաչուներով։ 

Տեղեկություններ կան նաև տասնյակ վիրավորների մասին, որոնց թվում խաչաձև կրակի տակ հայտնված քաղաքացիական անձիք են։

Ռիո-դե-Ժանեյրոյի օդանավակայանի մոտ գտնվող ֆավելների տարածքը համարվում է Բրազիլիայի ամենահզոր հանցավոր խմբավորումներից մեկի գործունեության կենտրոն։ 

Նահանգի կառավարությունում ասում են, որ զոհվածներից մոտ 50-ը «ոստիկանության կողմից նշված են որպես կասկածյալ հանցագործներ»։ 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ «սարսափած է» բրազիլական ոստիկանության գործողություններից և կոչ է արել անցկացնել «արագ և արդյունավետ հետաքննություն»։ 

Բրազիլիայում խոշոր ոստիկանական գործողությունները հաճախ անցկացվում են մեծ միջազգային միջոցառումների նախօրեին։ Նոյեմբերին երկրի հյուսիսում գտնվող Բելեն քաղաքում կանցկացվի ՄԱԿ-ի COP30 կլիմայական գագաթնաժողովը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական