Հարավային Կորեան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում որոշել է ընդգծել ոսկու նկատմամբ նրա սերը՝ հատուկ ոսկեգույն թեմայով ճաշկերույթ կազմակերպելով։
Նախագահ Լի Ջե Մյունի հետ աշխատանքային ճաշի վերջում Թրամփին մատուցվել է «ոսկե դեսերտ», որը, ինչպես նշում են Կորեայի նախագահի գրասենյակից, խորհրդանշում է երկու երկրների նվիրվածությունը խաղաղությանը և բարեկեցությանը։
Դեսերտը բաղկացած է եղել ոսկե փշրանքներով զարդարված բրաունիից և մանդարիններից, որոնք մատուցվել են «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» գրությամբ ափսեների վրա՝ ի նշան «Կորեա–ԱՄՆ դաշինքի ոսկե դարաշրջանի»։
Այցի սկզբում Թրամփին նվիրել են պատմական ոսկե թագի կրկնօրինակ՝ ստեղծված Սիլլա թագավորության ժամանակաշրջանի թագի հիման վրա, որի բնօրինակը պահվում է Գյոնջու քաղաքի ազգային թանգարանում։
Հանդիպման ժամանակ Լի Ջե Մյունը կրել է հատուկ պատրաստված ոսկեգույն փողկապ։ Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ այդ գույնը ընտրվել է ոչ միայն Թրամփի նախասիրությունը հաշվի առնելով, այլև որպես խորհրդանիշ երկու երկրների դաշինքի «ոսկե ապագայի» և Հարավային Կորեայի բարձր կարգավիճակի։
Հարավային Կորեայի ղեկավարությունը նաև ընդգծել է Թրամփի ոճը՝ հիշեցնելով, որ Սպիտակ տանը նրա օրոք գերակշռում էին ոսկեգույն դետալներ։
Գյոնջուում կազմակերպված ճաշին մատուցվել է կորեական ծովամթերքով պատրաստված նախուտեստ՝ «Thousand Island» սոուսով, ի նշան Թրամփի նյույորքյան արմատների, իսկ հիմնական ուտեստը եղել է ամերիկյան տավարի մսից շոգեխաշած կողիկ՝ թարմ բանջարեղենով և Գյոնջուի նոր հավաքած բրնձով։
Օրվա ավարտին կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում հյուրերին մատուցվել են Trump Chardonnay և Trump Cabernet Sauvignon գինիներ՝ Թրամփի որդի Էրիկ Թրամփի գինեգործարանից։