Միջազգային

Սպիտակ տունը արմատապես փոխել է հռետորաբանությունը. Լավրով

Սպիտակ տունը արմատապես փոխել է հռետորաբանությունը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունգարական «Ուլտրահանգ» YouTube-ալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հնարավոր ուղիներին և Վլադիմիր Պուտին–Դոնալդ Թրամփ հանդիպման հավանականությանը։

Լավրովի խոսքով՝ Սպիտակ տունը «արմատապես փոխել է» իր հռետորաբանությունը Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության կարգավորման հարցում։ Նրա գնահատմամբ՝ եթե նախկինում ԱՄՆ նախագահի վարչակազմը կողմ էր ռազմական գործողությունների շարունակմանն ու դրանց միջոցով խնդրի լուծմանը, ապա այժմ հանդես է գալիս հնարավորինս արագ հաշտության հասնելու դիրքերից։

Լավրովը կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունները պայմանավորված են եվրոպական երկրների ճնշմամբ։
«Նախկինում նրանք ասում էին՝ ոչ մի դադար մարտական գործողություններին, Ռուսաստանը պետք է պարտվի։ Իսկ գարնանը սկսեցին խոսել անհապաղ հաշտության մասին՝ առանց որևէ նախապայմանների։ Եվ մինչ օրս շարունակում են նույն երգը երգել։ Ռյութեն, Մակրոնը... Եվրոպացիները գիշեր-ցերեկ ձգտում են մեզ վրա ճնշում գործադրել՝ «ձեռքերը ոլորելով»»,– հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության արդյունավետ կարգավորման բանալին կայանում է ճգնաժամի արմատական պատճառների վերացման մեջ։
«Խոսքը տարածքներ հետ գրավելու կամ Կիևում նստած քաղաքական գործիչների հեղինակությունը փրկելու փորձերի մասին չէ»,– ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նաև հիշեցրել է, որ նրանք, ովքեր իրենց ժողովրդավարության պաշտպաններ են անվանում, պետք է նախ և առաջ հոգ տանեն մարդկանց մասին։ Սակայն, նրա խոսքով, Արևմուտքը դրա փոխարեն շարունակում է մեղադրել Ռուսաստանին Ուկրաինա «ներխուժման» և Բուդապեշտյան հուշագրի խախտման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական