Միջազգային

Լուվրից զարդերի գողության գործով ձերբակալվել է երկու տղամարդ

Լուվրից զարդերի գողության գործով ձերբակալվել է երկու տղամարդ

Փարիզի Լուվրի թանգարանում 88 միլիոն եվրո արժողությամբ զարդերի գողության գործով ձերբակալվել է երկու տղամարդ, որոնցից մեկը ձերբակալվել է Շառլ դը Գոլի օդանավակայանում։

Ավելի վաղ 4 կողոպտիչներ էլեկտրական գործիքներով և վերելակով ներխուժել էին թանգարանի պատշգամբ, սպառնացել պահակներին և ընդամենը չորս րոպեում գողացել զարդեր։

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի, որոնք, ենթադրաբար, օգնել են Փարիզի Լուվրի թանգարանից գողանալ մոտավորապես 88 միլիոն եվրո (76 միլիոն ֆունտ ստերլինգ) արժողությամբ զարդեր, գրում է The Guardian-ը։

Կիրակի օրը Փարիզի դատախազը հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ շաբաթ օրը մայրաքաղաքի Շառլ դը Գոլի օդանավակայանում զինված կողոպուտների և լուրջ գողությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են մեկ տղամարդու։ Դատախազ Լոր Բեկուոն չի նշել, թե քանի ձերբակալություն է կատարվել և արդյոք որևէ զարդեր են հայտնաբերվել, սակայն քննությանը մոտ կանգնած պաշտոնյաները ֆրանսիական լրատվամիջոցներին հաստատել են, որ Փարիզի շրջանում ձերբակալվել է նաև երկրորդ կասկածյալը։

Բեքուոն ասել է, որ ափսոսում է ձերբակալությունների մասին մի քանի լրատվամիջոցներում վաղաժամ հրապարակման համար՝ ասելով, որ դա «կարող է միայն վտանգել գողացված զարդերը վերադարձնելու և բոլոր մեղավորներին ձերբակալելու համար մոբիլիզացված ավելի քան 100 քննիչների աշխատանքը»։ Նա ասել է, որ դեռ վաղ է լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար, բայց ավելին կասի, երբ լրանա կասկածյալներին մեղադրանք առաջադրելու նախնական կալանքի ժամկետը։

Ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ օդանավակայանում ձերբակալված տղամարդը պատրաստվում էր նստել Ալժիր մեկնող ինքնաթիռ։ Paris Match-ը հայտնել է, որ երկրորդ կասկածյալը ձերբակալվել է մոտավորապես նույն ժամանակ՝ Փարիզի մոտ գտնվող Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում․ նա պլանավորել էր մեկնել Մալի։ Ըստ տեղեկությունների՝ երկու կասկածյալներն էլ 30 տարեկանից բարձր են եղել, ունեցել են քրեական անցյալ։

Le Monde-ը հայտնել է, որ նրանք «որոշ ժամանակ» հսկողության տակ են եղել, նախքան «կազմակերպված գողության և հանցավոր դավադրության» կասկածանքով կալանավորվելը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական