Եվրամիությունը հետաձգել է որոշում կայացնել, թե արդյոք պետք է օգտագործել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին գրում Է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին ։
Գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բելգիան պահանջել է ավելի լուրջ երաշխիքներ, որ պատասխանատվություն չի կրի ռուսական ակտիվների օգտագործման հետ կապված ռիսկերի համար:
Bloomberg-ի զրուցակիցները պատմել են, որ ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովին խնդրել են տարբերակներ պատրաստել, որոնք նրանք կարող էին դիտարկել հաջորդ գագաթնաժողովում: Որոշումը նախատեսվում է ընդունել մինչև տարեվերջ։
Ավելի վաղ, գործակալության տվյալներով, ԱՄՆ-ն եվրոպացի գործընկերներին հայտնել էր, որ առայժմ չի միանա Ուկրաինայի համար սառեցված ռուսական ակտիվների հաշվին «ռեպարացիոն վարկ» ստեղծելու նախաձեռնությանը: ԱՄՆ-ն դա բացատրել է համաշխարհային շուկաների կայունության համար մտավախություններով:
Եվրամիության ծրագրերի համաձայն՝ Կիևը կարող է մոտ 140 մլրդ եվրո ստանալ ռուսական սառեցված ակտիվներից։