Միջազգային

Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանում մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանքի» նախկին առաջնորդ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտներ ստանալու մեջ։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 

Գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեի խոսքո՝ Ղարիբաշվիլին իր հայտարարագրում կեղծ տվյալներ է նշել, իբր ամեն տարի ընտանիքի անդամից խոշոր գումար է նվեր ստացել։

Դատախազությունը Ղարիբաշվիլիի համար պահանջում է մեկ միլիոն լարի գրավ, այս միջնորդությամբ մեղադրող կողմը արդեն դիմել է դատարան:

Հաղորդվում է, որ անհայտ ծագման ակտիվների օրինականության տպավորություն ստեղծելու համար 2023-2024 թվականներին Ղարիբաշվիլին ձեռք է բերել և գրանցել է 463,630 լարի արժողությամբ երկու մեքենա՝ իր դուստր ընկերության անունով, և ընտանիքի անդամի միջոցով 210,000 լարիով գնել է անշարժ գույքի տիրապետող ընկերության 100%-ը։ Միևնույն ժամանակ, ընտանիքի անդամի անունով գրանցված ընկերության միջոցով ներդրվել է 3,670,172 լարի։ Դատախազության տվյալներով՝ նա չբացահայտված միջոցների մեծ մասը փոխարկել է արտարժույթի՝ դրանց ծագումը թաքցնելու համար։

2025 թվականի հոկտեմբերի 17-ին Ղարիբաշվիլիի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 6,5 միլիոն դոլար։

Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով՝ փողերի լվացում, որը ենթադրում է առանձնապես խոշոր գումարի ստացում։ Մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական