Միջազգային

Մոսկվայում ուշադիր հետևում են Գյումրիում տիրող իրավիճակին. Զախարովա

Մոսկվայում ուշադիր հետևում են Գյումրիում տիրող իրավիճակին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին:

«Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանի երկրորդ քաղաքում տիրող իրավիճակին: Այնտեղ է գտնվում ռուսական 102-րդ բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղը։ Քաղաքային իշխանությունները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջանների հետ: Այդ թվում հայտնի է «Պատվո բլուր» հուշահամալիրը՝ նվիրված ռուս սպաներին, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմների ժամանակ»,- ասել է նա։ 

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օգոստոսին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից Գյումրիին շնորհվել է «1941-45 թթ. աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը:

«Մենք, իհարկե, խնամքով ենք վերաբերում ռուս-հայկական հարաբերություններին, միշտ պաշտպանում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերի օգտին։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալության գնահատականներին, ապա, անշուշտ, դա Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ նշում ենք, որ ավելի վաղ Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, մի քանիսին ձերբակալել էին: Մենք հույս ունենք, որ նման դատավարությունները չեն հանգեցնի դատական ​​համակարգի և ժողովրդի միջև կապի խզման և դրա նկատմամբ վստահության անկման, ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա այս մասին խոսել է «Հայկական ժողովրդավարության ֆորումում», - ասել է Զախարովան։ 

Նրա խոսքով, այս բոլոր հարցերն ավելի արդիական են՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է նոր ընտրական փուլ՝ 2026 թվականի հունիսին նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական