ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթային ընկերությունների դեմ՝ մեղադրելով Մոսկվային Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու հանձնառության բացակայության մեջ։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։
Չեղարկման հայտարարությունը Թրամփն արել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի դեմ պատժամիջոցների մասին հայտարարության հետ միաժամանակ։ Պատճառը, ըստ ԱՄՆ-ի, Մոսկվայի կողմից Ուկրաինայում հաշտություն հաստատելու իրական ձգտման բացակայությունն է։
«Մենք չեղարկել ենք նախագահ Պուտինի հետ հանդիպումը։ Ինձ թվաց, որ դա ճիշտ չի լինի, որ մենք չենք կարող հասնել մեր ուզածին, ուստի ես չեղարկեցի այն»,- ասել է Թրամփը Վաշինգտոնի ժամանակով չորեքշաբթի կեսօրին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Թրամփն ասել է, որ Պուտինի հետ հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ «ապագայում», սակայն ժամկետները չի հստակեցրել։
Նա ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի հետ իր շփումները մնում են անարդյունք. «Ամեն անգամ, երբ ես խոսում եմ Վլադիմիրի հետ, մենք լավ զրույց ենք ունենում, բայց հետո ոչինչ տեղի չի ունենում»։
Նախօրեին Թրամփը ուղղակիորեն չի հայտարարել, որ Բուդապեշտում գագաթնաժողովը չի կայանա, սակայն ակնարկել է դրա մասին՝ նշելով իր կասկածները հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Ես չեմ ուզում, որ հանդիպումը անօգուտ լինի։ Ես չեմ ուզում ժամանակ վատնել»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ հանդիպումը հետաձգվում է անորոշ ժամանակով։