Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ հանվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։
«Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբխիձեին։
«Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան. Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,- հավելել է նա։