Միջազգային

Պուտին-Թրամփ հանդիպումը հետաձգվում է Մոսկվայի պատճառով. Reuters

Պուտին-Թրամփ հանդիպումը հետաձգվում է Մոսկվայի պատճառով. Reuters

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Հունգարիայում պլանավորված գագաթնաժողովը հետաձգվել է, քանի որ Մոսկվան մերժել է Ուկրաինայում անհապաղ հրադադարի առաջարկը. գրում է Reuters-ը։

Հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, Reuters-ը հայտնում է, որ «նախագահներ Թրամփի և Պուտինի միջև հանդիպման ծրագրեր մոտ ապագայում չկան»։ Սա այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «արդյունավետ» հեռախոսային զրույց են ունեցել, սակայն որոշել են հրաժարվել անձնական հանդիպումից։ 

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ինքը և Պուտինը շուտով կհանդիպեն Հունգարիայում՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով։ Սակայն Պուտինը չի ցանկանում քննարկել զիջումները։ Մոսկվան վաղուց պահանջում է, որ Ուկրաինան համաձայնի հանձնել լրացուցիչ տարածքներ՝ նախքան հրադադարի հաստատումը։ 

Լրագրողների հետ զրույցում Թրամփը, խոսելով գագաթնաժողովի հեռանկարի մասին, ասել է, որ չի ցանկանում «անիմաստ հանդիպում» անցկացնել, սակայն նշել է, որ առաջիկա երկու օրերին կարող են լինել նոր զարգացումներ, և «մենք Ձեզ կտեղեկացնենք» դրանց մասին։ 

Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ նշելով, որ գագաթնաժողովի «պատրաստությունները շարունակվում են»։ 

Ըստ Reuters-ի, սակայն, Ռուսաստանը անցյալ հանգստյան օրերին ԱՄՆ է ուղարկել ոչ պաշտոնական փաստաթուղթ՝ «non paper», որում կրկնել է խաղաղության համաձայնագրի իր երկարամյա պայմանները։ Փաստաթղթում Ռուսաստանը վերահաստատել է իր պահանջը՝ ստանալ ամբողջական վերահսկողություն արևելյան Դոնբասի վիճելի տարածաշրջանի նկատմամբ, ինչը, ըստ մեկ պաշտոնյայի, փաստացի մերժում է Թրամփի առաջարկը՝ հրադադար հաստատել ռազմաճակատի գծերի ներկայիս դիրքերում սառեցմամբ։ 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական