Միջազգային

«Eagle Hills»-ը Վրաստան է մտնում ավելի քան 6 մլրդ դոլարի ներդրումով. Կոբախիձե

«Eagle Hills»-ը Վրաստան է մտնում ավելի քան 6 մլրդ դոլարի ներդրումով. Կոբախիձե

«Eagle Hills» ընկերությունը Վրաստան է մտնում ավելի քան 6 միլիարդ դոլարի ներդրումով, նման կապիտալ ներդրումը մեր երկրի նկատմամբ վստահության մեծ հռչակագիր է։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Eagle Hills»-ի վրացական գրասենյակի բացման արարողության ժամանակ իր ելույթում։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ «Eagle Hills»-ի անունը կապված է միջազգային ասպարեզում ամենաբարձր որակի և նորարարությունների հետ։

«Այսօր մենք հիմք ենք դնում մի նախագծի, որն իր բովանդակությամբ և ծավալով նոր, պատմական գլուխ է գրում մեր երկրի զարգացման պատմության մեջ։ Համաշխարհային մակարդակի կառուցապատող «Eagle Hills»-ը մտնում է Վրաստան՝ ավելի քան 6 միլիարդ դոլարի ներդրմամբ, որը անկախ Վրաստանի պատմության մեջ ամենամեծ արտասահմանյան ուղղակի ներդրումն է։ Նախևառաջ, ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել նախագծի հիմնադիր պարոն Մոհամմեդ Ալաբարին և մեր գործընկերներին Արաբական Միացյալ Էմիրություններից։ Նման խոշոր կապիտալ ներդրումը մեր երկրի նկատմամբ մեծ վստահության հռչակագիր է և, միևնույն ժամանակ, մեր տնտեսական քաղաքականության արդյունավետության հստակ հաստատում։ Հատկապես ուրախալի է, որ այս վեհաշուք նախագծերն իրականացնում է «Eagle Hills»-ը՝ կառուցապատող, որի անունը կապված է միջազգային ասպարեզում ամենաբարձր որակի և նորարարության հետ։ Սա լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես է մեր կառավարության կողմից ստեղծված կայուն, կանխատեսելի և բարենպաստ ներդրումային միջավայրը գրավում միջազգային բիզնես առաջնորդներին»,- ասել է վարչապետը։

Կոբախիձեի խոսքով, նախագծի մասշտաբը տպավորիչ է, և այն ենթադրում է բոլորովին նոր, ժամանակակից քաղաքային էկոհամակարգերի ստեղծում։

«Թբիլիսիում, Կրծանիսում, 600 հեկտարի վրա կառուցվում է նոր կանաչ քաղաք՝ ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր բնակելի և առևտրային համալիրներով, հյուրանոցներով և հանգստի գոտիներով։ Բաթումիում՝ նախկին պոլիգոնի տարածքում, 250 հեկտարի վրա ստեղծվում է Սև ծովի ափի նոր մարգարիտ՝ պրեմիում դասի հանգստավայր, որը ենթադրում է ամենաբարձր դասի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական