Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանել Է Իսրայել, որտեղ հանդիպել է այդ երկրի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրի հետ:
Կողմերը կստորագրեն համագործակցության հուշագիր գերատեսչությունների միջև:
Նշենք, որ երկու ամիս առաջ՝ օգոստոսի 25-ին, Իտամար Բեն-Գվիրն ինքն էր ժամանել Վրաստան, որտեղ նույնպես հանդիպել էր Գելա Գելաձեի հետ։
Բեն-Գվիրը «Օցմա Յեհուդիթ» («Հրեական ուժ») կուսակցության առաջնորդն է, Իսրայելի կառավարության ամենավիճահարույց քաղաքական գործիչներից մեկը:
Օգոստոսյան այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Սա նման բարձր մակարդակի իսրայելցի պաշտոնյայի առաջին այցն էր Վրաստան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունից և Գազայում նոր պատերազմի սկսվելուց հետո։
Հիշեցնենք նաև, որ Բեն Գվիրի օգոստոսյան այցին նախորդել է դիվանագիտական միջադեպ. Թբիլիսիում Իսրայելի դեսպանատունը խիստ քննադատել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը այն բանից հետո, երբ փոխնախարարը մասնակցել Է Իրանի դեսպանատանը «իսրայելական ռեժիմի հարձակման հետևանքով զոհված նահատակների հիշատակին» նվիրված ընդունելությանը և համերաշխություն հայտնել Թեհրանին: