Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում վերականգնվել է հրադադարը։
Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի թիրախներին ամբողջ տարածքում՝ այդ թվում դաշտային հրամանատարների, զինյալների, թունելների և զենքի պահեստների դեմ։ Հարվածները կատարվել են այն բանից հետո, երբ զինյալները հակատանկային հրթիռ են արձակել և կրակ բացել զորքերի վրա՝ սպանելով երկու զինվոր։
Հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, այդ թվում՝ առնվազն մեկ կին և մեկ երեխա, ինչպես հայտնում են տեղական բնակիչներն ու առողջապահական մարմինները։ Մեկ հարվածը եղել է Նուսեյրաթի շրջանում գտնվող նախկին դպրոցի վրա, որը ծառայում էր որպես տեղահանված բնակիչների ապաստան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը դեռևս ուժի մեջ է։ Նրա կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը, հավանաբար, ներգրավված չէ խախտումներում։ «Մենք կարծում ենք, որ ղեկավարությունը, գուցե, դրանում ներգրավված չէ», - ասել է Թրամփը՝ ավելացնելով. «Ամեն դեպքում... հարցը կկարգավորվի խիստ, բայց պատշաճ ձևով»։
Թրամփը նշել է, որ դեռ չգիտի՝ արդյոք Իսրայելի հարվածները արդարացված էին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ հրամայել է բանակին խստորեն պատասխանել ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի խախտումներին, որոնք նա որակել է որպես «ակնհայտ»։
Միևնույն ժամանակ Reuters-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ ճնշման արդյունքում Գազա օգնության մատակարարումը կվերսկսվի երկուշաբթի օրը։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները երկուշաբթի կմեկնեն Իսրայել։