Թուրք կիպրացիները պատմական որոշում են կայացրել՝ ընտրելով եվրոպամետ ձախակողմյան առաջնորդ Թուֆան Էրհյուրմանին։ Երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններում 55-ամյա քաղաքական գործիչը 62.8%-ով հաղթել է ազգայնական թեկնածու, չճանաչված երկրի գործող նախագահ Էրսին Թաթարին, ով ստացել է ձայների ընդամենը 35.8%-ը։
Փորձագետները նշում են, որ 27 տոկոսային կետերի տարբերությունը բացարձակ հաղթանակ է, որը կարող է երկրաշարժ առաջացնել կիպրոսյան քաղաքականության մեջ։
Հիշեցնենք, որ Կիպրոսը 1974 թվականից բաժանված է երկու հատվածների. Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հռչակումից հետո այն, բացի Թուրքիայից, աշխարհի ոչ մի պետության կողմից ճանաչված չէ։ Այդ ժամանակից ի վեր հյուսիսում տեղակայված է մինչև 45,000 թուրքական կորպուս։
Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Էրհյուրմանի հաղթանակը ազդանշան է, որ աշխարհիկ թուրք կիպրացիները հոգնել են մեկուսացման քաղաքականությունից։
Կիպրոսը 2004 թվականին միացել է ԵՄ-ին, սակայն անդամակցության արտոնությունները գործում են միայն միջազգայնորեն ճանաչված հարավում։ Իրավագիտության պրոֆեսոր Էրհյուրմանը խոստացել է վերսկսել բանակցությունները՝ ուղղված դեպի ֆեդերատիվ հանրապետության ստեղծում, երբ հույն և թուրք կիպրացիները կապրեն երկհամայնքային դաշնության մեջ։
Հաղթանակի մասին իմանալուն պես Էրհյուրմանը հրապարակել է միասնության ուղերձ՝ խոստանալով գրկել իր հայրենակիցներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։