Միջազգային

Բանակցությունները կշարունակվեն Թուրքիայում

Բանակցությունները կշարունակվեն Թուրքիայում

Պակիստանի և Աֆղանստանի պատվիրակությունները հաջորդ շաբաթվա վերջին կշարունակեն բանակցությունները Թուրքիայում, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Ստամբուլում հոկտեմբերի 25-ին, և մենք կքննարկենք բոլոր մանրամասները»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ հաստատելով երկու երկրների միջև հրադադարը։

Ավելի վաղ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Պակիստանը և Աֆղանստանը Դոհայում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ:

Երկրները նաև համաձայնել են ստեղծել մեխանիզմներ երկու երկրների միջև կայուն խաղաղությունը ամրապնդելու համար: Հրադադարի կայունությունն ապահովելու և դրա կիրառումը ստուգելու համար որոշվել է առաջիկա օրերին լրացուցիչ հանդիպումներ անցկացնել:

Պակիստանի և Աֆղանստանի միջև իրավիճակը սրվել էր հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան՝ Քաբուլի շրջաններից մեկի վրա Պակիստանի օդային հարվածներից հետո, որոնց հետևանքով սպանվել էին Պակիստանի թալիբների երեք առաջնորդներ, և Աֆղանստանի Պակտիկա նահանգի շուկայի վրա՝ ոչնչացնելով բազմաթիվ առևտրային շենքեր: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն զգուշացրել էր, որ այդ հարվածների հետևանքները կկրեն Պակիստանի ուժերը։

Հոկտեմբերի 11-ից ի վեր Պակիստանը և Աֆղանստանը հայտնել էին բախումների մասին Դուրանդ գծի երկայնքով՝ երկու երկրների միջև սահմանին, որը Քաբուլը չի ​​ճանաչում։ Չորեքշաբթի օրը Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Աֆղանստանի հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագրի մասին՝ հաջորդ 48 ժամվա ընթացքում, որը հետագայում երկարաձգվել էր մինչև Դոհայի բանակցությունների ավարտը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական