ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Թրամփը հայտարարել է, որ Հունգարիայում ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում տեղի կունենա, Զելենսկին կլինի կապի մեջ։
«Դա ապահով երկիր է։ Մենք հարգում ենք վարչապետ Վիկտոր Օրբանին՝ նրա կատարած լավ աշխատանքի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ և Ուկրաինայի նախագահների միջև լարվածություն է կուտակվել, և իրավիճակն առայժմ շարունակում է մնալ բարդ։
Միևնույն ժամանակ՝ Թրամփը վստահություն է հայտնել, որ երկու առաջնորդներն էլ շահագրգռված են հակամարտության ավարտով։
«Ես Վլադիմիր Պուտինի հետ զրուցել եմ 2,5 ժամ և իմ տպավորությամբ՝ նա ցանկանում է խաղաղություն։ Զելենսկին նույնպես ուզում է դա»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Անդրադառնալով Ուկրաինային զենքի մատակարարմանը՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել, սակայն ակնկալում է, որ դրա կարիքը շուտով չի լինի։
«Հուսով եմ՝ կհաջողվի ավարտել պատերազմը՝ նախքան Tomahawk հրթիռների մասին մտածելը։ Կարծում եմ՝ մենք արդեն մոտ ենք դրան»,- նշել է նա։