ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից, որը քիչ առաջ է ավարտվել․
«Ես հենց նոր ավարտեցի իմ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այն շատ արդյունավետ էր։ Նախագահ Պուտինը շնորհավորեց ինձ և Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում խաղաղության մեծ նվաճման կապակցությամբ։
Ես իրականում հավատում եմ, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի մեր բանակցություններին՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմն ավարտին հասնելու համար։ Նախագահ Պուտինը շնորհակալություն հայտնեց առաջին տիկին Մելանյային երեխաների հետ կապված իր ներգրավվածության համար։
Մենք նաև քննարկեցինք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտուրը, երբ ավարտվի Ուկրաինայի հետ պատերազմը։ Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ կկայանա մեր բարձր մակարդակի խորհրդականների հանդիպում։ Միացյալ Նահանգների նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի շարք այլ անձանց հետ միասին, որոնք պետք է նշանակվեն։
Հանդիպման վայրը դեռ պետք է որոշվի։ Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, որպեսզի տեսնենք, թե արդյոք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմին։
Նախագահ Զելենսկիի հետ մենք վաղը կհանդիպենք Օվալաձև սենյակում, որտեղ կքննարկենք նախագահ Պուտինի հետ իմ զրույցը և ավելին։ Ես կարծում եմ, որ այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել»,- գրել է Թրամփը։
