ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը անդրադարձել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին, որն ավարտվել է քիչ առաջ։ Նա ասել է, որ զրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Երկու երկրների նախագահներն անցկացրել են իրենց ութերորդ հեռախոսազրույցը, որը տևել է 2.5 ժամ:
«Պուտինի և Թրամփի միջև զրույցում հատուկ շեշտ է դրվել ուկրաինական ճգնաժամի վրա: Պուտինը մանրամասն գնահատական է տվել ուկրաինական ճգնաժամի իրավիճակին: Ռուսաստանի զինված ուժերը պահպանում են լիարժեք ռազմավարական նախաձեռնությունը շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ Թրամփի հետ զրույցում Պուտինը շեշտել է Ռուսաստանի հանձնառությունը Ուկրաինայում քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը:
«Զրույցի ընթացքում բարձրացվել է Կիևին «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հարցը: Պուտինը վերահաստատել է այն թեզը, որ հրթիռների հնարավոր մատակարարումը չի փոխի ճակատում իրավիճակը, բայց կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին»,- ասել է նա։
Ուշակովը հայտնել է՝ Պուտինը և Թրամփը քննարկել են անձնական հանդիպման հնարավորությունը. Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները անմիջապես կսկսեն գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
«Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն Լավրովի և Ռուբիոյի միջև հեռախոսազրույցով։ Ռուբիոյի և Լավրովի համատեղ աշխատանքի ընթացքում գագաթնաժողովի ամսաթիվը կդառնա ավելի հստակ։ Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը կարող է կազմակերպվել Բուդապեշտում. Թրամփը նշել է այս վայրը, և Պուտինը աջակցել է առաջարկին։ Հնարավոր ամսաթվերը կքննարկվեն երկու երկրների ներկայացուցիչների կողմից»,- ասել է նա։