ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է ՀԱՄԱՍ-ից վերադարձնել բոլոր զոհված իսրայելցի պատանդների մարմինները՝ հայտարարելով, որ սկսվում է Գազայի խաղաղության պլանի հաջորդ փուլը:
Մինչ այդ, խմբավորումը հանձնել է ևս չորս իսրայելցիների մարմիններ, որոնց դագաղները արդեն անցել են Իսրայելի սահմանը:
«Բոլոր 20 ողջ պատանդները վերադարձել են և իրենց զգում են այնքան լավ, որքան կարելի է ակնկալել: Մեծ բեռ է իջել ուսերից, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել: Զոհվածները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել էր: Խաղաղության պլանի երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ դժվար կլինի գտնել մարմինների մի մասը, քանի որ պատանդները պահվում էին տարբեր խմբավորումների կողմից և զոհվել Գազայի հատվածի տարբեր շրջաններում:
Բացի այդ, ահաբեկիչները պնդում էին, որ որոշ մարմիններ կարող են գտնվել պատերազմի ընթացքում ավերված շենքերի փլատակների տակ, և դրանց դուրս բերելու համար կպահանջվի ծանր տեխնիկա: