Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա և Կրեմլում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կրեմլը հրապարակել է Պուտինի և Սիրիայի առաջնորդի հանդիպման առաջին տեսանյութը։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և Դամասկոսի հարաբերություններում միշտ «ղեկավարվել են սիրիացի ժողովրդի շահերով», և վերահաստատել է, որ այդ հարաբերությունները միշտ բարեկամական են եղել։
«Մենք երբեք որևէ հարաբերություն չենք ունեցել՝ կապված մեր քաղաքական կոնյունկտուրայի կամ հատուկ շահերի հետ։ Մենք այս բոլոր տասնամյակների ընթացքում միշտ առաջնորդվել ենք մեկ բանով՝ սիրիացի ժողովրդի շահերով», - ասել է Պուտինը։
Ալ-Շարաան, իր հերթին, հայտարարել է, որ սիրիական իշխանությունները կհարգեն Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնագրերը։
«Մեզ կապում են նաև համագործակցության լուրջ կամուրջներ, այդ թվում՝ նյութական, մենք կաշխատենք նաև հետագայում, կփորձենք վերագործարկել մեր հարաբերությունների համալիրը», - ասել է նա։
Այցելությունից առաջ Reuters-ը և մի քանի արաբական լրատվամիջոց հաղորդել են, որ ալ-Շարաան մոսկովյան բանակցությունների ժամանակ կարող է պաշտոնապես պահանջել Ասադի արտահանձնումը, ով քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում։