Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին ուկրաինական քաղաքացիությունից զրկելու մասին։ BBC-ի ուկրաինական ծառայության տեղեկացմամբ՝ որոշման պատճառ են դարձել տվյալները նրա ռուսական անձնագրի առկայության մասին։ Տրուխանովը կտրականապես հերքում է այդ պնդումները։
Զելենսկին հայտնել է, որ անցկացվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ, որի ընթացքում Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը զեկուցել է «ռուսական գործակալական ցանցերի և կոլաբորացիոնիստների դեմ պայքարի» մասին։ Նախագահի խոսքով՝ հաստատվել է, որ մի շարք անձինք ունեն ռուսական քաղաքացիություն, և որոշվել է նրանց զրկել ուկրաինական քաղաքացիությունից։
Թեև Զելենսկին անուններ չի հրապարակել, BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրները հայտնում են, որ խոսքը վերաբերում է նաև Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույն հրամանագրով քաղաքացիությունից զրկվել են նաև Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը և բալետի արտիստ Սերգեյ Պոլունինը։
Տրուխանովը ավելի վաղ նշել էր, որ երկուշաբթի նախատեսված է մասնագիտական հանձնաժողովի նիստ, որը պետք է քննարկեր իր մոտ ռուսական քաղաքացիության առկայության հարցը։ «Ինձ վերագրվող մեղադրանքները նոր չեն։ 2014 թվականից մշտապես բացատրում եմ, որ Ռուսաստանի քաղաքացիություն չունեմ և երբեք չեմ ունեցել։ Ինձ արդեն բազմիցս ստուգել են Ուկրաինայի բոլոր համապատասխան մարմինները», — գրել էր նա նախորդ շաբաթ սոցցանցերում։
Ինտերնետում շրջանառվող իր ենթադրյալ ռուսական անձնագրի լուսանկարը Տրուխանովը որակել է «կեղծիք և պրովոկացիա»։