Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) գործ է հարուցել Խոդորկովսկու և Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամների դեմ՝ իշխանության բռնի զավթման և ահաբեկչության մեղադրանքով։
Ծառայությունը հայտնել է, որ մեղադրյալների թվում են նաև նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան, Դմիտրի Գուդկովը, Գարի Կասպարովը, Լեոնիդ Գոզմանը, Մաքսիմ Ռեզնիկը և Անաստասիա Շևչենկոն։
Ցուցակում են նաև Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն, տնտեսագետ Սերգեյ Գուրիևը, գործարարներ Բորիս Զիմինը, Եվգենի Չիչվարկինը և Միխայիլ Կոկորիչը, քաղաքագետ Եկատերինա Շուլմանը, պատկերասրահի սեփականատեր Մարատ Գելմանը, հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը, լրագրողներ Եվգենի Կիսելյովը և Կիրիլ Մարտինովը, փաստաբան Ելենա Լուկյանովան, դերասան Արթուր Սմոլյանինովը, գիտնական Կոնստանտին Չումակովը, կենսաբան Եվգենի Կունինը և այլ անձինք։
Ըստ ԱԴԾ-ի՝ Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն վերոնշյալ անձանց կողմից ստեղծվել է Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, որի նպատակը «իշխանության բռնի զավթումն է» և «սահմանադրական կարգի փոփոխությունը» Ռուսաստանում։
Մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։