Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինանբողոքի ակցիաների ֆոնին լքել է երկիրը։ Նա հայտարարել է, որ գտնվում է «անվտանգ վայրում»։ Նախագահի ուղերձը, որը նախատեսված էր երեկ երեկոյան, մի քանի անգամ հետաձգվել էր։
«Այսօր ստիպված էի թաքնվել՝ իմ կյանքը պահպանելու համար։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում ես շարունակում եմ փնտրել լուծումը»,- հայտարարել է Ռաջոելինան Facebook-ի ուղիղ եթերում՝ չհայտնելով իր գտնվելու վայրը։
Նա կոչ է արել պահպանել գործող Սահմանադրությունը՝ երկրում խորացող քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ «Այս խնդիրների լուծման միակ ուղին գործող Սահմանադրության պահպանումն է»,- ընդգծել է նա։
Ֆրանսիական RFI ռադիոկայանի հաղորդմամբ՝ կիրակի օրը Ռաջոելինան ֆրանսիական ռազմական ինքնաթիռով դուրս է բերվել Մադագասկարից։ Ըստ աղբյուրի՝ նախ նրան ուղղաթիռով տեղափոխել են երկրի արևելյան ափին գտնվող Սենտ-Մարի կղզի, որտեղից էլ նա նստել է ռազմական ինքնաթիռ։ Տեղեկացվում է, որ Ռաջոելինան, ամենայն հավանականությամբ, մեկնել է Դուբայ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրա տարհանումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի թույլտվությամբ։
Ֆրանսիական իշխանությունները, սակայն, հայտարարել են, որ չեն միջամտի Մադագասկարի ներքին գործերին։ Մակրոնը, հանդես գալով հայտարարությամբ Եգիպտոսից մեկնելուց առաջ, մտահոգություն է հայտնել Մադագասկարի իրավիճակի վերաբերյալ, սակայն հրաժարվել է հաստատել տեղեկությունները Ռաջոելինայի հնարավոր տարհանման մասին։