Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան ակնկալում է Գազայի հատվածում պահվող ողջ մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը: Ի պատասխան՝ Իսրայելը պատրաստվում է ազատել մոտ 2,000 պաղեստինցի կալանավոր: Այս քայլը խաղաղության համաձայնագրի կարևոր փուլ է, որն ուղղված է Գազայում երկու տարի տևած հակամարտության դադարեցմանը:
Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ մեր 20 ողջ մնացած պատանդները միաժամանակ կհանձնվեն Կարմիր Խաչին և կտեղափոխվեն վեցից ութ տրանսպորտային միջոցներով»:
Ազատված պատանդները կուղևորվեն ռազմական բազա՝ ընտանիքների հետ վերամիավորվելու համար, կամ հիվանդանոցներ, եթե նրանց անհրաժեշտ լինի բժշկական օգնություն: Զոհված պատանդների մարմինները կտեղափոխվեն Դատաբժշկական ազգային ինստիտուտ՝ նույնականացման նպատակով:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Al Jazeera-ին հայտնել է, որ ողջ մնացած պատանդները հավաքվել են Գազայում, և խմբավորումը կիրակի երեկոյան կհանդիպի Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ՝ ազատման գործընթացի մանրամասները համաձայնեցնելու համար:
ՀԱՄԱՍ-ը պահանջել է ազատ արձակել մի շարք հրամանատարների, հայտնի պաղեստինցի քաղաքական գործիչների և կալանված բժիշկների, այդ թվում՝ պատերազմի ընթացքում Գազայում ձերբակալված բժիշկներ Հուսամ Աբու Սաֆիային և Մարվան ալ-Համսին, ինչպես նաև քաղաքական առաջնորդ Մարվան Բարղութիին: Սակայն նրանք ներառված չեն ազատվողների ցուցակում: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ շարունակում է բանակցությունները Իսրայելի հետ՝ նրանց ազատ արձակումն ապահովելու համար: