ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դատապարտելով Չինաստանի քաղաքականությունն առևտրի ոլորտում։ Նրա խոսքով՝ Չինաստանը վերջերս «թշնամական նամակներ է ուղարկում երկրներին», որը նախատեսում է խիստ արտահանման վերահսկողություն։
«Չինաստանը որդեգրել է արտակարգ ագրեսիվ դիրքորոշում առևտրի հարցում։ Նրանք հայտարարել են, որ մտադիր են լայնածավալ արտահանման վերահսկողություն սահմանել՝ բոլոր երկրներին առանց բացառության թիրախ դարձնելով։ Դա ակնհայտորեն ծրագրված քայլ էր տարիներ առաջ։ Սա աննախադեպ է միջազգային առևտրի պատմության մեջ և իրական բարոյական խայտառակություն է մյուս ազգերի հետ գործելու առումով»,- նշել է Թրամփը։
Արձագանքելով այս զարգացումներին՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանի մասին՝ ընդգծելով, որ այս քայլը կատարվում է Միացյալ Նահանգների անունից, անկախ այն բանից՝ այլ երկրներն ինչ որոշում կկայացնեն։
«Սկսած 2025թ. նոյեմբերի 1-ից (կամ ավելի շուտ՝ կախված Չինաստանի հնարավոր հետագա քայլերից), ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ կսահմանի 100% մաքսատուրք՝ գոյություն ունեցող բոլոր մաքսատուրքերից բացի։ Արտահանման վերահսկողություն կսահմանվի բոլոր կրիտիկական ծրագրային ապահովումների նկատմամբ»,- ասել է նա։
Թրամփը հավելել է, որ դժվար է պատկերացնել նման գործողություն Չինաստանի կողմից, սակայն այն արդեն փաստ է, «մնացածը՝ պատմություն»։