ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարությամբ հանդես է եկել՝ մեղադրելով Չինաստանին աշխարհի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու և մենաշնորհային դիրք հաստատելու փորձի մեջ։ Իր հայտարարությունում նա անդրադարձել է Չինաստանի կողմից տարբեր երկրներին ուղարկված նամակներին, որոնցում, ըստ Թրամփի, նշվում է՝ Պեկինը մտադիր է խիստ վերահսկողություն սահմանել հազվագյուտ հողային մետաղների և այլ տարրերի արտահանման վրա։
«Չինաստանում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Նրանք դառնում են ծայրահեղ թշնամական ու նամակներ են ուղարկում տարբեր երկրների՝ հայտարարելով, որ ցանկանում են ներդնել արտահանման վերահսկողություն յուրաքանչյուր տարրի վրա, որը կապված է հազվագյուտ հողային մետաղների հետ․ նույնիսկ այն տարրերի վրա, որոնք Չինաստանում չեն էլ արտադրվում»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ այդ քայլերը ոչ միայն շուկաների աշխատանքը կխաթարեին, այլև կդժվարացնեին համաշխարհային տնտեսական համակարգի աշխատանքը։ Թրամփը կարծում է, որ նման քաղաքականությունն առավելապես կվնասի հենց Չինաստանին։
«Ոչ ոք երբևէ նման բան չի տեսել։ Բայց փաստացի դա կնշանակեր՝ շուկաների փակում և կյանքը դժվար կդարձներ գրեթե բոլոր երկրների համար աշխարհում, հատկապես՝ հենց Չինաստանի»,- նշել է նա։
Թրամփը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն ունի սեփական մենաշնորհային դիրքեր, սակայն նախընտրել է չօգտագործել դա։
«Մեր հարաբերությունները Չինաստանի հետ վերջին վեց ամիսների ընթացքում շատ լավն էին, ինչն այս քայլը դարձնում է առևտրի ոլորտում է՛լ ավելի անսպասելի։ Ես միշտ զգացել եմ, որ նրանք սպասում էին ինչ-որ բանի, և հիմա, ինչպես միշտ, ես ճիշտ դուրս եկա։ Չի կարելի թույլ տալ, որ Չինաստանը պահի աշխարհը պատանդի կարգավիճակում։ Բայց կարծես դա նրանց ծրագրած ռազմավարությունն էր։ ԱՄՆ-ն նույնպես ունի մենաշնորհային դիրքեր՝ շատ ավելի հզոր ու մասշտաբային, քան Չինաստանը։ Ես պարզապես երբեք չեմ օգտագործել դրանք, որովհետև դրա կարիքը երբեք չի եղել»,- ասել է նա։
Թրամփը հայտնել է, որ նախատեսված էր հանդիպում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ APEC գագաթնաժողովի ընթացքում Հարավային Կորեայում։ Սակայն ներկա զարգացումների ֆոնին, ըստ նրա, նման հանդիպումն այլևս իմաստ չունի։
«Ես պետք է հանդիպեի նախագահ Սիի հետ երկու շաբաթից՝ APEC գագաթնաժողովի շրջանակում Հարավային Կորեայում, բայց հիմա, կարծես, դա այլևս իմաստ չունի»,- նշել է նա։
Թրամփը նաեւ բացահայտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանի՝ տարբեր հնարավոր տնտեսական հակաքայլերի միջոցով։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ քննարկվում է Չինաստանից ներկրվող ապրանքների վրա սակագների կտրուկ բարձրացման հարցը։
«Ներկայումս քննարկվող քաղաքականություններից մեկը՝ Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա սակագների կտրուկ բարձրացումն է։ Կան նաև բազմաթիվ այլ հակաքայլեր, որոնք նույնպես լուրջ քննարկման փուլում են»,- եզրափակել է Թրամփը։