Միջազգային

Աննոմալ տաք եղանակ Արկտիկայում

Աննոմալ տաք եղանակ Արկտիկայում

Վիզե կղզում (79.5° հ.լ.) գրանցվել է նոր բացարձակ առավելագույն ջերմաստիճան՝ +1.8°C, որը 0.5°C-ով բարձր է, քան նախորդ ռեկորդը (2016թ.), Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սա արդեն 24-րդ ջերմային ռեկորդն է՝ սկսած օգոստոսի 1-ից։ Ուշագրավ է, որ Վիզե կղզում՝ Կարայի ծովի հյուսիսային մասում, որտեղից ձմռանը դեպի Ռուսաստանի եվրոպական հատված են ներթափանցում ամենասաստիկ սառնությունները, օգոստոսին պահպանվել են մինչև 2020թ․ սահմանված միայն չորս բացարձակ առավելագույններ, նույնքան էլ՝ սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին նման ռեկորդների թիվը արդեն հասնում է 23-ի։

Արկտիկայում ամառվա վերջին և աշնան սկզբին ավելի ինտենսիվ ջերմային ալիքների պատճառներն են՝ արկտիկական սառույցների տարածքի նվազումը, Ատլանտիկայից մինչև Ուրալ ձգվող կայուն անտիցիկլոնների ձևավորումը։ Այդ անտիցիկլոնների արևմտյան ծայրամասերով տաք օդը շաբաթներով կարող է թափանցել Արկտիկայի խորքերը։ Երբ այդ հոսքերը անցնում են արդեն հիմնականում բաց ջրային տարածքների վրայով, օդի սառեցումը շատ ավելի թույլ է լինում, քան եթե մակերևույթը պատված լիներ շարունակական սառույցով։

Նոր օրական բացարձակ առավելագույնը գրանցվել է նաև Ռուսաստանի ամենահին գործող բևեռային կայանում՝ «Մալիե Կարմակուլի», որը գտնվում է Նոր Երկիր արշիպելագի Հարավային կղզում՝ Մոլերա ծոցի ափին։ Երեկ առավելագույն ջերմաստիճանը կազմել է +8.1°C, ինչը 1.4°C-ով բարձր է, քան նախորդ ռեկորդը՝ 2000թ․»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական