2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին. հայտնել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։
Որոշումն ընդունվել է, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որ ինքն արժանի է այդ պարգևին՝ իր նոր պաշտոնավարման ընթացքում մի շարք պատերազմներ դադարեցնելու համար։
«Նրանք երբեք ինձ Նոբելյան խաղաղության մրցանակ չեն տա։ Ես դրան արժանի եմ, բայց նրանք երբեք չեն տա»,- այս տարվա փետրվարին հայտարարել էր Թրամփը։
Սեպտեմբերի 30-ին ամերիկացի գեներալների հետ հանդիպման ժամանակ նա կրկին անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ եթե մրցանակը շնորհվի մեկ այլ անձի, դա «մեծ վիրավորանք կլինի մեր երկրի համար»։
Կոմիտեի քարտուղար Քրիստիան Բերգ Հարփվիկենը, ով որոշում կայացնող հինգ անդամներից մեկն է, ընդգծել է, որ մրցանակը չի շնորհվում վերջին պահին ձեռք բերված արդյունքների համար։
«Այս մրցանակը հիմնականում վերաբերում է 2024 թվականին և նախորդ տարիներին կատարված աշխատանքին։ Այն չի տրվում վերջին շաբաթների կամ ամիսների ձեռքբերումների համար», – ասել է նա Նորվեգիայի NRK հեռուստաալիքին։
Նշենք, որ Թրամփը դեռևս հունվարին անդրադարձել էր Մարիա Կորինա Մաչադոյին՝ համարելով Նոբելյան մրցանակի արժանի թեկնածու. «ԱՄՆ-ում վենեսուելա-ամերիկյան մեծ համայնքը վճռականորեն աջակցում է ազատ Վենեսուելային և ինձ նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերել։ Այս ազատության մարտիկները չպետք է տուժեն։ Նրանք պարտավոր են մնալ անվտանգ և ողջ»,- այն ժամանակ գրել էր Թրամփը։
Հիշեցնենք, որ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո։