64-ամյա Սանաե Տակաիչին ընտրվել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) առաջնորդ՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում։ Նա հաղթել է կուսակցության ներքին ընտրություններում՝ առաջ անցնելով 44-ամյա նախարար Սինձիրո Կոիձումիից։
Կանխատեսվում է, որ հոկտեմբերի 15-ին խորհրդարանը կհաստատի Տակաիչիին որպես Ճապոնիայի վարչապետ։
Տակաիչին ծնվել է Նարա քաղաքում և, ի տարբերություն ԼԴԿ-ի շատ գործիչների, ոչ քաղաքական ընտանիքից է․ նրա մայրը եղել է ոստիկան, հայրը՝ ավտոմոբիլային ընկերության աշխատակից։ Նա երիտասարդ տարիներին հետաքրքրվել է ռոք երաժշտությամբ և նույնիսկ նվագել ծանր-ռոք խմբում։
Քաղաքական ճանապարհը սկսել է 1990-ականներին՝ մի քանի անհաջող փորձերից հետո 1993-ին դառնալով պատգամավոր։ Տակաիչին համարվում էր Սինձո Աբեի մտերիմ համախոհը, ում կառավարության կազմում զբաղեցրել է ներքին գործերի և կապի նախարարի պաշտոնը։
Տակաիչին դեմ է արտահայտվել, որ Ճապոնիայում ամուսիններն ու կանայք կարողանան տարբեր ազգանուններ կրել, և կանայք իրավունք ստանան զբաղեցնել կայսերական գահը։ Նա նաև նույնասեռ ամուսնությունների դեմ է։
Նրա քաղաքական ծրագիրը գրեթե ամբողջությամբ շարունակությունն է Աբեի «ուժեղ Ճապոնիայի» գաղափարախոսության՝ բանակի հզորացում, պացիֆիստական սահմանադրության վերանայում և տնտեսական խթանում։
Չնայած նրան, որ Տակաիչին կդառնա Ճապոնիայի առաջին կին առաջնորդը, գենդերային հավասարության ոլորտում լիբերալ փոփոխություններ նրանից չեն սպասվում։ The Economist-ի տեղեկություններով՝ կուսակցության որոշ գործընկերներ նրան անվանում են «չափազանց աջ», իսկ նախկին վարչապետ Ֆումիո Կիսիդան նրան գաղտնի տվել էր «Թալիբան» մականունը։
Տակաիչին իրեն համեմատում է Մարգարետ Թետչերի հետ՝ հայտարարելով, որ ցանկանում է դառնալ Ճապոնիայի «երկաթե տիկինը»։
Վերլուծաբանները զգուշացնում են, որ նրա ղեկավարությունը կարող է կարճատև լինել․ երկիրը կանգնած է լուրջ տնտեսական և սոցիալական խնդիրների առաջ՝ գնաճ, աշխատուժի պակաս և ռեկորդային պետական պարտք։
Բացի ներքին մարտահրավերներից, Տակաիչիին սպասում են բարդ արտաքին բանակցություններ ԱՄՆ-ի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Հոկտեմբերին նա նախատեսում է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով վերականգնել դաշնակցային հարաբերությունները։
Քաղաքագետների գնահատմամբ՝ ԼԴԿ-ն Տակաիչիին ընտրելով՝ փորձելում է զսպել Ճապոնիայում աճող ուլտրաաջ շարժումների ազդեցությունը, սակայն նրա կոշտ դիրքորոշումները կարող են վտանգել կուսակցության երկարամյա համագործակցությունը ավելի չափավոր և կնետրոնամետ Կոմեյտո կուսակցության հետ։
«Ես պատրաստ եմ աշխատել, աշխատել, աշխատել և աշխատել հանուն Ճապոնիայի»,- հայտարարել է Տակաիչին՝ ընդունելով իր առաջ ծառացած դժվարությունները։