ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև իր առաջարկած խաղաղության պլանի առաջին փուլի իրականացման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։
«Մեծ հպարտությամբ հայտարարում եմ, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղ պլանի առաջին փուլը։ Սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, իսկ իսրայելական զորքերը դուրս կբերվեն համաձայնեցված գծով՝ որպես կայուն, երկարաժամկետ և հավերժական խաղաղության առաջին քայլ»,– գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը նաև հավելել է․ «Սա մեծ օր է արաբական և մուսուլմանական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, որոնք մեզ հետ աշխատեցին այս պատմական և աննախադեպ իրադարձությունը իրականություն դարձնելու համար»։
Եգիպտոսում կայացած բանակցություններին մասնակցել են նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Խորհրդակցություններին ներկա են եղել Կատարի վարչապետը և Թուրքիայի հետախուզության ղեկավարը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելցիները շուտով կվերադառնան տուն։ «Աստծո օգնությամբ մենք կվերադարձնենք նրանց բոլորին», – նշել է նա իր հայտարարությունում։ Նա խոստացել է հինգշաբթի օրը հրավիրել կառավարության նիստ՝ Գազայի համաձայնագրի առաջին փուլը հաստատելու համար։
Սպիտակ տանը լրագրողներին հայտնել են, որ պատանդների ազատ արձակումը կարող է սկսվել արդեն երկուշաբթի։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ձեռք է բերվել «պատերազմը Գազայում դադարեցնելու մասին համաձայնություն» և կոչ են արել Թրամփին ստիպել Իսրայելին ամբողջությամբ կատարել այն։ Խաղաղ պլանի առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է ազատել 20 կենդանի մնացած պատանդի։