Միջազգային

Ֆրանսիայի նախագահը նոր վարչապետ է նշանակելու

Ֆրանսիայի նախագահը նոր վարչապետ է նշանակելու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա 48 ժամում կնշանակի նոր վարչապետ, հայտնել է Ելիսեյան պալատը՝ հերքելով արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները։

Նախկին վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն, որը երկուշաբթի օրը անսպասելի հրաժարական էր ներկայացրել՝ պաշտոնավարելով մեկ ամսից պակաս, հայտարարել է, որ խորհրդարանի մեծամասնությունը դեմ է արտահերթ ընտրություններին և պատրաստ է գնալ փոխզիջումների՝ նոր կառավարության ձևավորումը ապահովելու համար։

«Խորհրդարանում կա մեծամասնություն, որը ձգտում է խուսափել նոր ընտրություններից»,- ասել է նա ֆրանսիական հեռուստատեսությանը։

Լեկորնյուն նշել է, որ ինքն այլևս չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն իր ջանքերը նպաստել են քաղաքական ճգնաժամի մեղմացմանը։ Ըստ նրա՝ Ազգային ժողովում ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չունի, բայց առկա է մեծամասնություն, որը մերժում է արտահերթ ընտրությունների անցկացումը։

Լեկորնյուի խոսքով՝ Մակրոնի վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումը մնում է նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների հիմնական խոչընդոտներից։ «Կարծիքները տարբեր են․ ոմանք պահանջում են կասեցնել, ոմանք՝ չեղարկել, մյուսները՝ ընդունում են դրա ֆինանսական հետևանքները»,- նշել է նա։

Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ Ֆրանսիայում խորացող ներքաղաքական ճգնաժամը կարող է մեղմվել նոր կառավարության ձևավորմամբ, եթե կողմերը կարողանան հասնել կոմպրոմիսի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական