Միջազգային

Հնդկաստանում հազի օշարակից մահացել է 20 երեխա

Հնդկաստանում հազի օշարակից մահացել է 20 երեխա

Հնդկաստանում հազի Coldrif օշարակ օգտագործելու հետևանքով մահացել է 20 երեխա։ Մահաբեր օշարակի հետևանքով հինգ երեխա ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է Նագպուր քաղաքում (Մահարաշտրա նահանգ)։ Այդ մասին հաղորդում է Amar Ujala թերթը։ Կառավարությունը հայտարարել է, որ օշարակի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատերը կձերբակալվի։

Մադհյա Պրադեշ նահանգի Օրենսդիր ժողովի անդամ Ռաջենդրա Շուկլան հայտնել է, որ երեխաները մահացել են Չհինդվարա, Պանդհուրնա և Բետուլ քաղաքներում։ Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է խստորեն հետևել Հնդկաստանի կառավարության հանձնարարականներին, ըստ որոնց՝ 4 տարեկանից փոքր երեխաներին արգելվում է տալ հազի օշարակ։ Նա նաև նշել է, որ նախօրեին այցելել է Նագպուր, որտեղ հոսպիտալացվել են հինգ երեխա, և հանդիպել է նրանց ընտանիքների հետ։ Նրա խոսքով՝ արվում են բոլոր հնարավոր քայլերը՝ երեխաների կյանքը փրկելու համար։

Ինչպես հիշեցնում է ТАСС-ը, առաջին մահվան դեպքը գրանցվել էր սեպտեմբերի 2-ին։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգում մահացել է 14 երեխա։ Նահանգի Առողջապահության նախարարության տվյալներով՝ օշարակը երեխաների մոտ առաջացրել է սուր երիկամային անբավարարություն, ինչը դարձել է մահվան պատճառ։

Թամիլնադ նահանգի իշխանությունները փակել են Sresan Pharmaceuticals ընկերության արտադրամասը, որը թողարկել է Coldrif օշարակը։ Ընկերության ղեկավարության դեմ հարուցվել են մեղադրանքներ՝ կանխամտածված սպանության, դեղերի կեղծման և դեղագործական արտադրության կանոնների խախտման համար։ Հնդկաստանի դեղերի որակի վերահսկման կենտրոնական վարչությունն առաջարկել է չեղարկել Coldrif-ի արտադրության լիցենզիան։ Մահարաշտրա, Ուտտար Պրադեշ, Ռաջաստան և Ուտտարախանդ նահանգների իշխանություններն արգելել են այդ դեղամիջոցի վաճառքն ու օգտագործումը։

Քննության ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 300 կոպիտ խախտում Coldrif-ի արտադրության ժամանակ։ Դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է թունավոր դիեթիլենգլիկոլ, որի պարունակությունը գերազանցել է թույլատրելի մակարդակը 50%-ով։ Արտադրության արժեքը նվազեցնելու նպատակով ընկերությունը երեխաների համար նախատեսված օշարակում օգտագործել է այդ նյութը՝ ապահով դեղաբանական բաղադրիչների փոխարեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական